ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

ԴՊՐՈՑ` ՆԱԽԱՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Շինուհայրի դպրոցը հիմնադրվել է 1884թ. Տեր-Սահականց տանը: Տեր-Սահակը հոգևորական է եղել՝ եկած Արևմտյան Հայաստանից: Բնակություն է հաստատել և հիմնավորվել գյուղում: Բնակվելու համար տրվել է նրան բնակարան՝ Կուսանանց Անապատի հարավ-արևելյան մասում, որտեղ միաժամանակ Սահակ վարժապետը գրաճանաչություն էր սովորեցնում երեխաներին, որի համար էլ վարժարանը (դպրոցը) անվանվել է Սահականց տուն:

1885թ.-ից գյուղի քահանան էր Տեր-Ստեփանը: Մինչ այդ նա (Ջավադ Բալյանը) եղել է Բաքվում՝ նավթահորի ու նավթի տեր, իր քեռի Ծատուրովի մոտ, որտեղ կրթություն ստանալուց հետո գյուղ է վերադառնում, նվիրվում գրաճանաչություն սովորոցնելու ու կրթության գործին, Սահակ վարժապետի հետ հիմնադրում դպրոցը:

Մինչև Տեր-Ստեփանի քահանա լինելը եղել են՝ Տեր-Գրիգորը, ապա՝ Տեր-Հայրապետը: Տեր-Ստեփանի օրոք նրանք այլևս չկային, մահացել էին: Տեր-Ստեփանը դպրոցը տեղափոխում է Անապատի տարածքի նոր շենքը, մոտ 300մ հեռավորության վրա Ակների քաղցրահամ ջուրը կավե խողովակներով ջրի թաղից տեղափոխում դպրոցի բակը և այստեղ տեղադրում աղբյուր-շատրվան՝ ջրացայտ շատրվանով:
1904թ. գյուղի դպրոցը փակվում է, վերաբացվում՝ 1905թ.-ի վերջին: Այդ թվականին դպրոցը եղել է խառը (սկզբում՝ 3 դասարանով, ապա՝ 4): Դպրոցում դասավանդել են՝ կրոն, հայոց լեզու, թվաբանություն, հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, Ռուսաստանի աշխարհագրություն, բնական գիտություն, իրազննություն, առողջապահություն, երկրաչափական ձևագիտություն, նկարչություն, վայելչագրություն, երգեցողություն և արհեստներ:
1914-15թթ. դպրոցը եղել է արական , 4 սենյականոց, ուներ գրադարան՝ 467 կտոր հայերեն ու ռուսերեն գրքերով:

1916-17 ուս-տարում դպրոցն ուներ 3 սենյականոց սեփական շենք, որտեղ սովորում էին 59 աշակերտ, որոնցից 53 տղա, 6 աղջիկ:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1920թ. Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, արմատապես փոխվեցին դպրոցի ծրագրերն ու կանոնադրությունը, դըպրոցական դասագրքերն ու, ընդհանրապես, համակարգը և դպրոցին առաջադրվող պահանջները:

Տարրական դպրոցը գյուղում շարունակում է գոյություն ունենալ մինչև 1927թ.-ը՝ սովորողները ստանում էին 4-րդ դասարանի կրթություն:

1937-38 ուս. տարում դպրոցն ունեցավ VIII, 1938-39 ուս. տարում՝ IX, իսկ 1939-40 ուս. տարում՝ X դասարան: 1939-40 ուս. տարում դպրոցը տվեց միջնակարգի առաջին շրջանավարտները՝ միջնակարգ կրթության ատեստատով:

***

1960-ական թվականների առաջին կեսից սկսած գյուղական կյանքը աննախընթաց վերելք ապրեց: Տաթևհեկի շինարարությունը եղավ այն հզոր ազդակը, որով գյուղը տեղափոխվեց դաշտի սարահարթը: Կարճ ժամանակամիջոցում, Տաթևհեկի ուժերով կառուցվեց 280 աշակերտական տեղով երկհարկանի դպրոցական շենքը՝ լուսավոր դասասենյակներով, լաբարատորիաներով, արհեստանոցներով, կաբինետներով, ֆիզկուլտ դահլիճով, մարզահրապարակով, ապահովված ջրով, ջեռուցմամբ, մի խոսքով՝բոլոր հարմարություններով: Գյուղի տեղափոխման ընթացքը շարունակվում էր , գրեթե մեծ արագությամբ, իսկ նորակառույց դպրոցական շենքը, չնայած բոլոր հարմարություններին, չէր կարող բավարարել դպրոցահասական 500-ից ավելի երեխաներ ունեցող գյուղի բնակչության պահանջը: Գյուղում նոր դպրոցական շենք կառուցելը հրատապ խնդիր դարձավ: Դեռևս 1954թ. Հայաստանի լուսավորության մինստր Սուրեն Միքյելյանը, իսկ ապա 10 տարի անց, մինստրի տեղակալ Բաբկեն Ավչյանը (գյուղի առաջին ուսուցիչներից պատվելի Մեսրոպ վարժապետի որդին) եղել է գյուղում, շատ ծրագրերի հետ նախանշել դպրոցի շինարարության կարևորագույն պահանջը: Շրջանի ու հանրապետության ղեկավարության ջանքերով 1970-75թթ. կառուցվեց ու ավարտվեց 520 աշակերտական տեղանոց դպրոցի շինարարությունը:

Դիրեկտորներ՝

  1. Ավչյան Մեսրոպ-Երևանից-1920-24թթ.
  2. Առաքելյան Առաքել- Շինուհայրից-1925-27թթ.
  3. Բեգլարյան Արտավազդ –Գորիսից- 1928թ.
  4. Ղազարյան Բագրատ-Գորիսից-1929թ.
  5. Հովհաննիսյան Ազատ- Երևանից-1930-31թթ.
  6. Դոլունց Գուրգեն-Գորիսից-1932թ.
  7. Աղաբեկյան Անդրանիկ- Գորիսից-1933-34թթ.
  8. Ծատուրյան Անտոն- Քարահունջից-1934-35թթ.
  9. Գրիգորյան Գրիշա-Գորիսից-1935-36թթ.
  10. Խաչատրյան Արմենակ- Տեղից-1936-37թթ.
  11. Հայրապետյան Վարդան-Տեղից-1937-38թթ.
  12. Օհանյան Աշոտ-Գորսից-1938-39թթ.
  13. Պետրոսյան Հովհաննես-Տեղից-1939թ.
  14. Սուլեյմանյան Վաղարշակ- Շինուհայրից-1939-42, 1947-48, 1965-66թթ/միջնակարգ/
  15. Մեսրոպյան Անդրանիկ- Տաթևից-1942-47թթ.
  16. Մարտիրոսյան Խորեն- Շինուհայրից-1948-51, 1954-64, 1964-67/ութամյա/, 68-74թթ.
  17. Արշակյան Սիրան – Հալիձորից-1951-54թթ.
  18. Երեմյան Սերոբ –Շինուհայրից-1966-67թթ., 1975-85թթ.
  19. Մկրտչյան Ալբերտ-Գորիսից-1986-90թթ.
  20. Գրիգորյան Շիրազ- Շինուհայրից սկս. 1990թ.——

ՈՒսմասվարներ՝

  1. Խանզադյան Սերո-1937թ.-Գորիսից
  2. Ադամյան Գուրգեն-1938-39թթ.-Գորիսից
  3. Հայրապետյան Հովհաննես-1940-41թթ.-Տեղից
  4. Դանիելյան Ասատուր-1942-43թթ. Շինուհայրից
  5. Դավթյան Գոհար-1944-45թթ.- Գորիսից
  6. Հայրապետյան Սմբատ-1946-47թթ.-Տեղից
  7. Սուլեյմանյան Վաղարշակ- 1948-64թթ.-Շինուհայրից
  8. Երեմյան Սերոբ –Շինուհայրից-1964-66թթ., 1968-75թթ.- Շինուհայրից
  9. Հայրումյան Մարսել-1965-67թթ-Գորիսից
  10. Խաչատրյան Վոլոդյա-1976-82թթ.- Շինուհայրից
  11. Հարությունյան Գառնիկ-1966-67թթ.-1982-95թթ. Շինուհայրից
  12. Օհաջանյան Ազիզգյուլ-1995թ. —-